Տեխնոլոգիաների ապագան հոգեկան առողջության ոլորտում - հարցազրույց

Ivan Alsina Jurnet

Իվան Ալսինա-Ժուրնետը հոգեբան է, համալսարանական դասախոս և հոգեբանության, հոգեկան առողջության, կրթության ոլորտներում ՏՏ տեխնոլոգիաների օգտագործման մասնագետ։ Մասնակցելով CORE-ի կազմակերպած կոնֆերանսին՝ նա հանդես է եկել ելույթով՝ նկարագրելով՝ ինչպես նման տեխնոլոգիաները կարող են օգնել մասնագետներին՝ մասնագիտական աջակցման գործընթացքում։

Ալսինա-Ժուրնետը մշակում է հավելվածներ վիրտուալ և լրացված իրականությունների ոլորտներում՝ անվանելով նման տեխնոլոգիաները «հեղափոխական»։ INC-ում անցկացված կոնֆերանսի ընթացքում նա նկարագրում է՝ ինչպես նման տեխնոլոգիաները կարող են օգնել մասնագետներին՝ գնահատել, մշտադիտարկել, միջամտել և հետազոտել տարբեր հոգեկան և հոգեբանական ոլորտի խնդիրներ։

- Հոգեկան առողջության ոլորտում և հոգեբանությունում արդյո՞ք վիրտուալ և լրացված իրականության տեխնոլոգիաները նորույթ են համարվում։
- Նոր չեն, բայց, թերևս, նորագույններն են և այսօր ամենաարագ զարգացողները։ Այս տեխնոլոգիաների պատրաստման ծախսերը զգալիորեն նվազել են վերջին տարիների ընթացքում, հետևաբար՝ սկսել են լայն կիրառում գտնել, մասնավորապես՝ կլինիկական հոգեբանության, նյարդաբանության, հոգեթերապիայի և հոգեկան առողջության ոլորտում։ Համարվում է, որ դրանք կարող են խթանել իրական կյանքին համապատասխան հույզեր, մտքեր և հակազդումներ։ Հետևաբար՝ հնարավոր է մասնագիտական գրասենյակ կամ հետազոտական լաբորատորիա տեղափոխել տարրեր, իրավիճակներ կամ կոնտեքստներ, որոնք զգալիորեն համապատասխանում են այցելուների առօրյայում հանդիպող անալոգներին։

- Ի՞նչ սկզբունքով են աշխատում այս տեխնոլոգիաները։
- Երկու դեպքում էլ հիմնական առանցքը ներկայության՝ ներկա լինելու կոնցեպտն է։ Վիրտուալ իրականությունն օգտագործողին տեղափոխում է ամբողջովին վիրտուալ միջավայր, մինչդեռ լրացնող իրականությունը վիրտուալ էլեմենտներ է ավելացնում իրական աշխարհում։ Երկու դեպքում էլ այցելուն հայտնվում է կլինիկական տեսանկյունից՝ պաթոլոգիայի հետ կապ ունեցող համապատասխան իրավիճակներում։ Ամենակարևորը, ինչպես հաստատել էինք, օգտագործողների կողմից վիրտուալ իրավիճակները որպես իրական ընկալելու հանգամանքն է, օրինակ, երբ նրանք այնպիսի միջավայրում են, որտեղ վերապրում են վախ թռիչքից, կամ ագորաֆոբիա՝ վախ բաց միջավայրում գտնվելուց։ Սակայն, ի տարբերություն իրական աշխարհի, մենք կարող ենք օգնել այցելուներին դիմակայել վախերին՝ պաշտպանված, կառավարվող և ապահով միջավայրում։ Հոգեբանի համար սրանք գործիքներ են, որ կարող են ինտեգրվել ավանդական մոտեցումներով առաջնորդվող աշխատանքում։

- Երբվանի՞ց են դրանք օգտագործվում հոգեբանության ոլորտում։
- Առաջին անգամ դրանք կիրառվել են 1992 թվականին ԱՄՆ-ում։ Սակայն մինչև մի քանի տարի առաջ նման տեխնոլոգիաները բավականին թանկ էին օգտագործողների համար։ Սարքավորումների գինը կարող էր հասնել մինչև 100․000 եվրոյի, որը դարձնում էր անհասանելի։ Այժմ բոլոր մասնագետներն էլ կարող են ունենալ իրենց վիրտուալ ու լրացված իրականության սարքերը և օգտագործել տարբեր նպատակներով։

- Ի՞նչ արժեն այս տեխնոլոգիաներն այժմ։
- Ներկայումս ամենահայտնի և ստանդարտ լավ որակի սարքերը, որոնք օգտագործվում են լրացված և վիրտուալ իրականության ոլորտում, հիմնականում սաղավարտներն են, որոնք միացված են համակարգչին։ Մի քանի տարի առաջ դրանց գինը հասնում էր մի քանի հազար եվրոյի։ Նոր տենդենց է նաև սմարթֆոնների և եռաչափ ակնոցների կիրառումը, որոնք համեմատաբար ավելի մատչելի են՝ կախված որակից։ Սմարթֆոններով և եռաչափ ակնոցներով ստացվող տարբերակը ընդհանուր առմամբ մատչելի է, սակայն զիջում է որակով։

- Արդյո՞ք դրանք իրապես արդյունավետ են հոգեկան խանգարումների և պաթոլոգիաների հետ տարվող աշխատանքում։
- Հարյուրավոր գիտական հետազոտություններ են անցկացվել, որոնք ցույց են տվել դրական թերապևտիկ արդյունքներ և կլինիկական տեսանկյունից արդյունավետություն՝ թե՛ հոգեբանության, թե՛ նյարդաբանության ոլորտներում։ Փաստացի, ավելի քան քսան տարի անցկացվող գիտափորձերը ապացուցում են վիրտուալ իրականության օգտագործման էֆեկտիվությունը հոգեկան խանգարումների հետ աշխատանքում։

- Ո՞ր սպեկտորի խանգարումների հետ աշխատանքում են ներկայումս կիրառվում տեխնոլոգիաները։
- Թերևս ամենաշատը հանդիպում է տագնապային հիմք ունեցող խանգարումների դեպքում, հատկապես՝ ֆոբիաների հետ աշխատանքում։ Հենց ֆոբիաների հետ աշխատանքում է առաջին անգամ կիրառվել ուղղվածությունը, և դրա վրա են շատ կազմակերպություններ կենտրոնացնում հավելվածների բովանդակությունը։ Սակայն ժամանակի ընթացքում ավելի լայն սպեկտորի խանգարումներ են թիրախավորվել, գնահատվել և դրանց հետ տարվել է արդյունավետ աշխատանք, ինչպես օրինակ սոցիալական ֆոբիա, հետտրավմատիկ սթրեսային խանգարում և այլն։ Ներկայումս նույնիսկ առկա են հավելվածներ, որոնք միտված են սնունդի ընդունման խանգարումների հետ աշխատանքին, ինչպիսիք են՝ բուլիմիան կամ անորեքսիան։ Մեկ այլ հետաքրքրական հատված, որ ներկայումս ծաղկում է ապրում, կախվածությունների հետ տարվող աշխատանքում տեխնոլոգիաների կիրառումն է։ Սակայն, ցավալիորեն, հավելվածների զգալի մասը անգլերենով է, որը դժվարեցնում է աշխատանքը լեզվին չտիրապետող այցելուների հետ կիրառելիս․ հիմնականում կիրառվում է ծխախոտից և ալկոհոլից կախվածություն ունեցող այցելուների հետ աշխատանքում։

- Ինչպե՞ս է աշխատում հավելվածը, որը ուղղված է կախվածության հաղթահարմանը։
- Սկզբունքը նույնն է, ինչ տագնապային խանգարումների հետ տարվող աշխատանքում։ Այցելուները դիմակայում են իրավիճակներին, որոնք կապված են խթանիչների չարաշահման հետ, օրինակ՝ տեղափոխվում են վիրտուալ բար։ Այս համատեքստում հոգեբանն արդեն ընտրում է տվյալ իրավիճակին համապատասխան տեխնիկաներից և մոտեցումներից ամենահարմարը, օրինակ՝ ռելաքսացիոն վարժություններ, կոգնիտիվ վերաիմաստավորում, ասսերտիվության և այլ սոցիալական հմտությունների ձևավորում։

- Օգտագործվու՞մ են այս տեխնոլոգիաները նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, ողնուղեղի վնասվածքների կամ կաթվածների հետ տարվող աշխատանքում։
- Այո։ Այս պարագայում հավելվածները նպատակ ունեն վերականգնելու վնասված հատվածների շարժողական և կոգնիտիվ ընդունակությունները։ Հավելվածները սովորաբար ընդգրկում են շարժման գրանցման համակարգ, որպեսզի առաջարկեն տարբեր առաջադրանքներ։ Դրանք պարունակում են տարբեր վարժություններ և ունեն բարդության տարբեր աստիճաններ։

- Կարո՞ղ են բոլոր հավելվածները ներբեռնվել սմարթֆոնների մեջ։
- Դա ներկայիս թրենդն է, և դա այն միջավայրն է, որտեղ կազմակերպությունները հիմնականում ներդնում են առողջության ոլորտի հետ կապ ունեցող վիրտուալ և լրացված իրականությունների հավելվածները։ Այս առումով մենք տեսնում ենք համակարգչային հավելվածների օգտագործման նվազում նշված ոլորտում։ Ես կարծում եմ, որ բջջային հավելվածները և 3D ակնոցները կհաղթեն այս մրցավազքը։ Այդ հավելվածներն ավելի էժան են և ավելի հեշտ կիրառվող մասնագետների կողմից։ Դա դարձնում է վերջիններիս իդեալական՝ կլինիկական կիրառման ասպարեզում։ Իհարկե հիմնականը մնում է standalone գործիքները, որոնք չափերի անընդհատական նվազման շնորհիվ, դուրս են մնում մրցավազքից ընդհանրապես՝ գրավելով առաջնային դիրքեր։

- Կարո՞ղ են դրանք օգտագործվել նաև թաբլեթներում։
- Այո, սակայն այդ պարագայում հավելվածները կենտրոնացած են կոգնիտիվ ռեհաբիլիտացիայի և ստիմուլյացիայի վրա։ Հոգեբանական գնահատման և միջամտության պարագայում կարևոր է օգտագործել սաղավարտներ։ Քանի որ հիմնական նպատակը այցելուի «տեղափոխումն է» իրավիճակ, որը հանգեցնում է դիսկոմֆորտի զգացումներին։

- Արդյո՞ք տեխնոլոգիաների կիրառումը Իսպանիայում տարածված է։
- Ոչ, տնտեսական պատճառները, որոնք ես նշեցի ավելի վաղ, խոչընդոտում են տարածմանը։ Դեռևս շատ քիչ հավելվածներ կան, որոնք կարող են կիրառվել այս ոլորտում։ Եվ պետք է հավելել, որ մասնագետներն էլ դեռևս քաջատեղյակ չեն այս տեխնոլոգիաներին և դրանց կիրառմանը հոգեկան առողջության ոլորտում։ Վերապատրաստման կարիքը այս ոլորտում մեծ է։

- Կարո՞ղ ենք ասել, որ դրանք ավելի լավ են աշխատում, քան ավանդական մեթոդները։
– - Նախ, ես պետք է նշեմ, որ այս տեխնոլոգիաների կիրառումը պարադիգմալ փոփոխություններ, որպես այդպիսին, չի ենթադրում հոգեկան առողջության ոլորտում։ Դրանք ուղղակի նոր գործիքներ են, որոնք կարող են կիրառվել մասնագետների կողմից՝ ի հավելումն արդեն իսկ արսենալում առկա տեխնիկաներին կամ գործիքներին։ Իմ կարծիքով, վիրտուալ և լրացնող իրականությունները պետք է ինտեգրվեն տրադիցիոն մոտեցման պրոտոկոլներում։

Այնուամենայնիվ, երկու իրականություններն էլ (վիրտուալ և լրացված) առաջարկում են մի շարք առավելություններ և հոգեբանական աշխատանքում բարելավման հնարավորություններ: Օրինակ, դրանք հատկապես օգտակար են համեմատաբար նվազ երևակայական ընդունակություններ ունեցող այցելուների պարագայում, քանի որ նրանք հնարավորություն են ստանում զգալ խնդրահարույց իրավիճակը հստակորեն և վառ կերպով: Իրական պայմաններում ապահովել նման միջավայր կլիներ շատ բարդ մի շարք տնտեսական, ժամանակային, կոնֆիդենցիալության և այլն պատճառներով։ Այս դեպքերում լավ այլընտրանք է օգտագործել այս զարգացող տեխնոլոգիաները, որոնք ապացուցել են կենդանի փորձին հավասար էֆեկտիվ լինելու փաստը։

- Հոգեբանական գնահատման պարագայում ավանդական թեստերի հիմնական սահմանափակումն այն է, որ դրանք ներկայացնում են մեկուսացված խթաններ `առանց ենթատեքստերի: Վերջինս բավականին բարդացնում է արդյունքների տարածման հարցը առօրյա կյանքի վրա։ Ի տարբերություն դրան՝ վիրտուալ և լրացված իրականությունները մեզ թույլ են տալիս ներկայացնել իրական աշխարհը, առանձնահատկությունները և նույնիսկ սոցիալական փոխազդեցությունները: Դա հնարավորություն է տալիս բարձրացնել ավանդական թեստերի արտաքին և էկոլոգիական վավերությունը:

- Ինչքա՞ն են հետաքրքրված առողջապահական ոլորտի մասնագետները նման տեխնոլոգիաներով։
- Կա իրական հետաքրքրություն և պահանջարկ մասնագետների շրջանում։ Այնուամենայնիվ, հիմնական խնդիրը այս առումով վերապատրաստման ծրագրերի պակասն է ոլորտում։ Որքան ավելի ծանոթանան մասնագետներն այս տեխնոլոգիաներին, և որքան ավելի շատ հավելվածներ առաջարկվեն ոլորտում, այնքան մենք կտեսնենք դրանց էլ ավելի ծավալուն կիրառում կլինիկական ոլորտում։ Ես ինքս վերապատրաստում եմ ուսանողներին բակալավրիատի և մագիստրոսական ծրագրերի շրջանակներում UVIC-UCC համալսարանում։ Այժմ, նորաստեղծ «Կիբերհոգեբանության ինստիտուտում», մեր առաքելությունների շարքում է հարմարեցնել այդ առարկաները ՝ մատուցելով դրանք տարածաշրջանի հոգեկան առողջության ոլորտի ուսանողներին և մասնագետներին:

- Կա արդյո՞ք վտանգ, որ մարդիկ կսկսեն «բուժել» իրենք իրենց։
- Հավելվածների մեծ մասը ստեղծված է նորմալ պրոտոկոլի շրջանակներում և պահանջում է մասնագետ-այցելու կոնտակտ։ Սակայն, զարգացման հետաքրքիր ուղիներից մեկը կլինի, երբ կունենանք հավելվածներ, որոնք մասնագետները «դուրս կգրեն» տնային օգտագործման համար։ Ցանկացած դեպքում հոգեկան առողջության ոլորտի հավելվածները պետք է օգտագործվեն թերապևտների ուղղորդման և վերահսկողության ներքո։

Կիսվեք Հրապարակմամբ